Կոչ եմ անում մեր գործընկերներին մասնակցել «գազային հարցով» ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին. Նաիրա Զոհրաբյան
NewsBook-ի զրուցակիցն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
- Տիկի՛ն Զոհրաբյան, եթե «գազային հարցով» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցությունների արդյունքը լինի այն, որ որոշվի հանձնաժողովի աշխատանքները փակ ռեժիմով կազմակերպել և հանձնաժողովի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ներին տեղեկատվություն չտրամադրել, այդ դեպքում ԲՀԿ-ն կհամաձայնի՞ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
- Գազային համաձայնագրի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու շուրջ ծավալված խարհրդակցության ժամանակ իշխանություններն անսպասելիորեն երկու կետ էին ավելացրել, առաջինը` նիստերը պետք է լինեն դռնփակ և երկրորդը` մինչ հանձնաժողովի վերջնական որոշման հրապարակումը հանձնաժողովի անդամները իրավունք չունեն որևէ հրապարակում անել մամուլում:
Մեր առաջարկությամբ երկրորդ կետը հանվել է, և երեկ հանձնաժողովի ստեղծման նախագծի՝ մեզ տրված տեքստում գրված է, որ նիստերը լինելու են դռնփակ, բայց հանվել է այն կետը, համաձայն որի հանձնաժողովի անդամն իրավունք չունի լրատվամիջոցներին տեղեկություն տրամադրել մինչև հանձնաժողովի վերջնական որոշումը: Այսինքն՝ հանձնաժողովի ցանկացած անդամ նիստերից հետո լրատվամիջոցներին կարող է տրամադրել տեղեկատվություն նիստի ընթացքում քննարկված նյութերի և խնդիրների վերաներյալ:
Մեզ համար այս տարբերակն ընդունելի է, քանի որ ոչ ոք չի կարող հանձնաժողովի որևէ անդամի վրա ճնշում գործադրել նիստի ավարտին հայտնած տեղեկության համար: Մենք մասնակցելու ենք հանձնաժողովի աշխատանքներին, և որևէ մեկը չի կարող մեզ կաշկանդել այս կամ այն տեղեկատվությունը տրամադրելու հարցում:
Միակ խնդիրը մնացել է դռնփակ նիստը, որը քննարկման հարց է: Նիստերի քննարկումները կարող են ժամեր տևել, և ես չեմ պատկերացնում, որ ինչ-որ լրատվամիջոց կգա ու ժամերով կլուսաբանի այդ ամենը:
Ես կարծում եմ՝ լրատվամիջոցներին հետաքրքիր է, թե քննարկումից հետո ինչ կասի այս կամ այն կուսակցության ներկայացուցիչը, իսկ այդ գործընթացը բաց է լրատվամիջոցների համար, և ես կոչ եմ անում մեր ոչ կոալիցիոն գործընկերներին մասնակցել այս հանձնաժողովի աշխատանքներին:
Մեզ համար կարևորն այն է, որ տրվեն մի քանի հիմնարան հարցերի պատասխաններ` որտեղի՞ց մեր գլխին կախվեց 300 մլն դոլար պարտքը և ինչպե՞ս է ստացվում, որ սահմանին գազը ստանում ենք այլ գնով, իսկ բնակիչներին մատակարում ենք ուրիշ գնով:
Եթե Հայ Ազգային Կոնգրեսի` հանձնաժողովի նիստերը բաց լինելու մասին առաջարկը մերժվի և որոշվի նիստը դռնփակ անցկացվել, մեզ համար կրկին ընդունելի կլինի, և մենք կշարունակենք մասնակցել նիստի աշխատանքներին: Իհարկե, լավ կլիներ, որ նիստերը բաց անցկացվեին, բայց դա մեզ համար պարտադիր պայման չէ:
- Վտանգ չե՞ք զգում, որ եթե նիստերը փակ լինեն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը հանձնաժողովի նիստերից հետո տեղի ունեցած քննարկումների իր պատկերացումը ներկայացնի ԶԼՄ-ներին, սա կարող է շահարկումների ու անհստակության տեղիք տալ: :
- Ոչ վտանգ չեմ տեսնում, որովհետև միևնույնն է՝ կմասնակցեն լրատվամիջոցները նիստերին, թե՝ ոչ, ԶԼՄ-ները տեղեկատվությունը ներկայացնելու են այնպես, ինչպես յուրաքանչյուր լրատվամիջոցի ձեռ է տալիս: Ես սա ասում եմ որպես նախկին լրագրող:
- Ինչո՞վ կբացատրեք այն, որ իշխանությունների համար, կարծես, սկզբունքային է, որ հանձնաժողովի նիստերը փակ լինեն:
- Այդ հարցը ԲՀԿ-ի համար այնքան կարևոր հարց չէ, որ լրջորեն անդրադառնա մասնակցել-չմասնակցելու որոշման վրա: Այո, լավ կլիներ, եթե նիստերը բաց լինեին, բայց եթե ընդունվել է մեր այն առաջարկը, որ մինչ հանձնաժողովի վերջնական որոշման հրապարակումը նիստի մասնակցիները կարող են տեղեկություններ տրամադարել լրատվամիջոցներին, մեզ նախագիծը բավարարում է և մենք մասնակցելու ենք այդ հանձնաժողովի աշխատանքներին: Եվ մեր գործընկեր Հայ Ազգային Կոնգրեսին էլ կոչ ենք անում մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Համենայն դեպս, հույս ունեմ, որ կմասնակցեն:
Հ.Գ. Հիշեցնենք, որ խնդրի վերաբերյալ NewsBook-ը զրուցել էր նաև Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի և ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի հետ: Գազային հարցով հանձնաժողովի ստեղծման նախապատմության և մյուս խմբակցությունների դիրքորոշումների մասին կարող եք կարդալ այստեղ:

