Իրանում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչ. Արմեն Վարդանյան

Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի հուղարկավորության արարողությունը դարձել էր քաղաքական ակցիայի առիթ: Բանն այն է, որ թաղման թափորի միջից մարդկանց առանձին խմբեր սկսել են իշխանություններին ուղղված պահանջներ և լոզունգներ բղավել, մասնավորապես, գոչել են «Մահ Ռուսաստանին»:

NewsBook-ի հետ զրույցում իրանագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանն անդրադառնալով թեմային նշեց, որ արդեն իսկ դեպքի առիթով 1 հոգի ձերբակալվել է, ով էլ կասկածվում է «Մոջահեդինե խալղ» (Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպություն) անդամ լինելու մեջ, որը ծայրահեղական ահաբեկչական կառույց է, որն ունի ձախ ռադիկալ ուղղվածություն:

«Ձերբակալվածը կասկածվում է մի կառույցի անդամակցության մեջ, որը տասնյակ տարիներ շարունակ պայքար է մղում Իրանի իշխանության դեմ և ժամանակին հենց այս կազմակերպության ձեռքով սպանվել է Իրանի 2-րդ նախագահ Մուհամադ Ալի Ռաջային և այն ժամանակ գործող վարչապետին՝ Մուհամեդ Բահունարին: Իրաքյան պատերազմի ժամանակ Իրանի իշխանությունների դեմ են պայքարել, նաև մի քանի անգամ արտասահմանում գտնվող իրանական դեսպանատների վրա են հարձակվել»,- ասաց Վարդանյանը:

Իրանագետը նկատեց, որ ռուսական մամուլը միջադեպի սլաքն ուղղում է հիմնականում դեպի Արևմուտք, քանի որ այս կազմակերպությանը, որի անդամակցության մեջ մեղադրվում է ձերբակալվածը, ԵՄ-ն 2009 թվականին հանել է ահաբեկչական կառույցների շարքից, իսկ 2012-ին էլ ԱՄՆ-ն է կազմակերպությունը ոչ ահաբեկչական ճանաչել:

Վարդանյանը շեշտեց, որ իրականան կողմը թիրախավորում է այն իրողությունը, որ բողոքի ակցիայի մասին լուրերը, տեսագրությունները տարածվում են հիմնականում արաբախոս ԶԼՄ-ներով և իսրայելական մամուլով, ինչը կասկածի տեղիք է տալիս:

«Այս կազմակերպությունը դեմ է Իրանի՝ սիրիական խնդիրների մասնակցությանը, իսկ Իրանն ու ՌԴ-ն Սիրիայում դաշնակիցներ են համարվում և համատեղ են գործում: Քանի որ արաբական ԶԼՄ-ներն են տեսանյութը լավ տարածում, չի բացառվում, որ ֆինանսավորումը հենց այդտեղից լինի, որովհետև Սաուդյան Արաբիան, Քաթարը և այլ արաբական պետություններ դեմ են Սիրիայում Իրանի և ՌԴ-ի վարած քաղաքականությանը»,- ընդգծեց նա:

Միևնույն ժամանակ Վարդանյանը մատնանշեց, որ Իրանում հակառուսական գործողությունները լայնամասշտաբ չեն եղել, որովհետև հավաքված մոտ 2 մլն մարդկանցից միայն 200-300 հոգին են մասնակցել, այն էլ որոշներն, ավանդույթի համաձայն, գոռացել են «Մահ ԱՄՆ-ին»:

Հարցին՝ հաշվի առնելով, որ Իրանում բողոքի ակցիաներ այնքան էլ շատ չեն լինում և շատ փակ երկիր է, հանրավո՞ր է, որ ակցիայի մասին տեղյակ են իրանական իշխանությունները և սա ինչ-որ այլ մեսիջներ ունի, Արմեն Վարդանյանը պատասխանեց՝ շեշտելով, թե միշտ չէ, որ Իրանի իշխանությունները կարողանում են կառավարել ամբոխը:

«Ժամանակ առ ժամանակ այդ ամբոխը նաև Իրանի իշխանությունների համար է խնդիր դառնում: Եղել են դեպքեր, որ կրոնական հավաքների ժամանակ, երբ իշխանությունները թույլ են տվել հավաքվել, այդտեղ այլ ուժեր, օգտվելով առիթից, հակաիշխանական ակցիաներ են իրականացրել: Վստահորեն չենք կարող ասել, որ Իրանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը»,- եզրափակեց Կարեն Վարդանյանը:

 

 

Դիտվել է 7080 անգամ